«Ինժեներական քաղաք» ծրագրի ռեզիդենտի կարգավիճակ ձեռք բերելու նպատակով ինժեներական և բարձր տեխնոլոգիական ընկերությունների հայտերի ընդունման գործընթացը շարունակվում է։
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամում տեղեկացրել են, որ թվով 8 ինժեներական ընկերություններ արդեն իսկ ստացել են «Ինժեներական քաղաք»-ի ռեզիդենտի կարգավիճակ և միացել ինժեներական մեծ ընտանիքին։
Ծրագրի մասնակցության չափորոշիչներին բավարարելու և քաղաքի ռեզիդենտի կարգավիճակ ստանալու դեպքում ընկերությունները հնարավորություն կստանան նվիրաբերության միջոցով և սեփականության իրավունքով ստանալու համապատասխան հողատարածքներ՝ իրենց գրասենյակները կառուցելու նպատակով: Ռեզիդենտները նաև հասանելիություն կստանան համատեղ օգտագործվող ժամանակակից ինժեներական ու նախատիպերի լաբորատորիաներին, արտադրական մեքենաներին ու սարքավորումներին։
Ծրագրին կարող են դիմել ստորև ներկայացված ոլորտներում գործունեություն ծավալող կազմակերպությունները՝
Հայտագրման պայմաններն ու այլ մանրամասները հասանելի են հետևյալ հղումով: Տեղերը սահմանափակ են և առավելությունը կտրվի ժամանակային առումով առաջինը ներկայացված դիմումներին։
Հավելենք, որ «Ինժեներական քաղաք»-ը տեղակայված է Երևանի Նոր Նորքի Բագրևանդի փողոց 74 հասցեում գտնվող 3 հեկտար հողատարածքի վրա։ Որպես ծրագրի արդյունք՝ նախատեսվում է ստեղծել նոր ձևաչափի էկոհամակարգ, որտեղ ինժեներական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունները հնարավորություն կունենան արդիական ենթակառուցվածքների կիրառմամբ մշակել և իրագործել նորարարական գաղափարներ՝ տեղական ու միջազգային շուկաների համար։
«Ինժեներական քաղաք»-ը պետություն-մասնավոր գործընկերության հիմքով ծրագիր է, որն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և մասնավոր հատվածի համագործակցությամբ և աջակցությամբ։
«Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ) տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական բիզնես ինկուբատորներից և խորհրդատվական ընկերություններից մեկն է: Այն հիմնադրվել է 2002թ.-ին և աջակցում է Հայաստանում տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի աճին՝ ստեղծելով նպաստավոր միջավայր նորարարության զարգացման, տեխնոլոգիաների կատարելագործման և ընկերությունների ընդլայնման համար: