StartHub Armenia-ն երեկ տեղեկացրեց, որ Sevan Startup Summit 2021-ը չի կայանա, քանի որ իշխանությունները որոշել են չտրամադրել սամիթի տարածքը։ Հարցի առնչությամբ սամիթի կազմակերպչական թիմը նոր պարզաբանում է հրապարակել.Սիրելի ընկերներ, հարցով հետաքրքրված մարդիկ,Շատ տպավորված ենք այսպիսի արձագանքի և մտահոգության համար։ Սոց․ ցանցերում ծավալվող քոմենթակռիվներից խուսափելու նպատակով ամենաշատ շրջանառվող հարցերին փորձել ենք պատասխանել այս ձևաչափով։
– Ինչո՞ւ հնարավոր չի կազմակերպել Sevan Startup Summit 2021-ը Սևանի որևէ այլ վայրում։
Նախ նշենք, որ Sevan Startup Summit-ը զարգացման մի քանի փուլ անցած միջոցառում է, և միջոցառման բովանդակությունը և կոնցեպտը ունեն հստակ առանձնահատկություններ, առանց որոնց միջոցառումը կվերածվի այլ բանի։ Մենք խնդիր չունենք Սևանի ափին կազմակերպել որևէ միջոցառում, մեր խնդիրն է կազմակերպել Sevan Startup Summit: Իսկ սամմիթի կազմակերպման առանձնահատկությունները ոչ ոք չի կարող ավելի լավ պատկերացնել, քան կազմակերպիչները։
Sevan Startup Summit-ի կազմակերպման շրջանակներում 2016-2019թթ․ Նորաշենի արգելավայրի տարածքում իրականացվել է հսկայածավալ աշխատանք։ Այդ աշխատանքի արդյունքում ոչ միայն տարածքն է հարմարեցվել մեր կոնցեպտին, այլ շատ առանձնահատկություններ մենք ենք հարմարեցրել տարածքին։ Այդ ամենի շնորհիվ է, որ մենք այժմ ունենք հնարավորություն ընդամենը երկու ամսում ոչինչ չունեցող տարածքը վերածել ստարտափային ավանի իր ողջ ենթակառուցվածքներով։
Սևանի ափի որևէ այլ հատվածը սամմիթի կազմակերպման համար համապատասխան վիճակի բերելը իրենից ենթադրում է ֆինանսական մեծ ռեսուրս և հսկայական ժամանակ, որը ցավոք մենք այլևս չունենք այս տարի։
2016-2019թթ․ սամմիթը անցկացվել է հուլիսի վերջին շաբաթվա ընթացքում։ Այդ ժամանակահատվածը պատահական չի ընտրված, քանի որ օգոստոս ամսից մարդիկ հիմնականում լինում են արձակուրդում և չեն կարողանում մասնակցել միջոցառմանը։ Եթե մի պահ այս խնդիրը նույնիսկ մոռանանք, եղանակային պայմաններից ելնելով սամմիթը Սևանի ափին կազմակերպելու վերջնաժամկետը օգոստոսի վերջին շաբաթն է։ Եվ եթե անգամ հենց վաղը քննարկվող տարածքը մեզ տրամադրվի գործողությունների այն ազատությամբ, որը եղել է 2019-ին, մեր կազմակերպչական թիմը հազիվ թե կարողանա բարձր մակարդակով կազմակերպել Sevan Startup Summit 2021-ը։
– Ինչո՞ւ մենք չենք ընդունել Sevan Startup Summit 2021-ը այլ տարածքում անելու առաջարկը ՇՄՆ-ի կողմից։
Sevan Startup Summit 2021-ի նախապատրաստական աշխատանքները սկսվել են դեռևս 2021 թվականի մարտ ամսից։ Այդ պահից սկսած մենք բազմիցս փորձել ենք հասկանալ Շրջակա միջավայրի նախարարության դիրքորոշումը։ Բազմաթիվ փորձեր են արվել հանդիպել Շրջակա Միջավայրի նախարարի հետ և քննարկել հարցը ավելի վաղ փուլում։ Կապի դուրս գալու մեր դիմումները մնացել են անպատասխան։ Հաշվի առնելով նախորդ տարիների թույլտվության հանգամանքը՝ մենք մնացած մասերով շարունակել ենք նախապատրաստական աշխատանքները այն տրամաբանությամբ, որ տարածքը մեզ կտրամադրվի, ինչպես նախորդ տարիներին։ Շրջակա Միջավարի նախարարությունից տարածքի մերժման գրություն ստացել ենք այն ժամանակ, երբ այլևս հնարավոր չէր որևէ այլ վայրում իրագործելի դարձնել սամմիթ կազմակերպումը՝ հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները։ Բացի այդ առաջարկվող բոլոր այլընտրանքային տարածքները չեն համապատասխանել հարակից ենթակառուցվածքներով և չափերով։ Ինչի արդյունքում մեր երկխոսությունը Շրջակա Միջավայրի նախարարության հետ ձգձգվել է մինչև հունիսի 19-ը։
– Ի՞նչու հնարավոր չէր Sevan Startup Summit 2021-ը կազմակերպել Նորաշենի արգելավայրում ՇՄՆ-ի՝ որոշակի պայմաններով տրամադրված թույլտվությամբ։
Շրջակա միջավայրի նախարարությունից որոշակի պայմաններով թույլտվությունը, որը իրավմամբ համարում ենք Չթույլտվություն, կարելի է գնահատել որպես բառային աճպարարություն։ Երբ սամմիթ անցկացնելու թույլտվությունը զուգորդվում է այնպիսի պայմաններով, ինչպիսիք են օրինակ նախապատրաստական աշխատանքների կրճատումը, խարույկ չվառելը, տարածքում որևէ տեխնիկայի, մարդատար և բեռնատար տրանսպորտային միջոցների մուտքի արգելքը, ձայնային և լուսային սրաքավորումների կիրառման բացառումը, թույլ են տալիս ենթադրել, որ կամ խնդիրը քննարկող կողմը ուղղակի բացարձակ անտեղյակ է խնդրից, կամ, որոշակի հանգամանքներ հաշվի առնելով, բյուրոկրատական քաշքշուկների շնորհիվ տարածքի մերժումը դիտավորությամբ ձգձգվում էր։ Պատճառների մասին դատողություններ կարող եք անել ինքներդ։
Ինչևէ, ներկայացված պահանջները, ավելի քան անհնար էին դարձնում միջոցառման անցկացումը։
Խնդրի բուն պատմությունը և էությունը
Այն, որ Sevan Startup Summit միջոցառման կոնցեպտը, որոշակի հակասություն ունի Նորաշենի արգելոցի, համանուն արգելավայրի և Բնության հատուկ պահպանվող տարածքների կանոնադրությունների և նորմերի հետ, հավատացեք, մենք ավելի քաջատեղյակ ենք, քան ոլորտի կառավարումը իրականացնող շատ պաշտոնյաներ։Այս խնդրին ներկայիս կառավարության հետ հանգամանորեն անդրադարձել ենք դեռևս 2018թ․ հունիսին, երբ միջոցառման անցկացման նախաշեմին երկրի վարչապետի առաջարկով ստեղծվեց միջգերատեսչական հանձնաժողով (Բնապահպանության նախարարություն, Տարածքային կառավարման նախարարություն, Կապի և տրանսպորտի նախարարություն, Էկոնոմիկայի նախարարություն, Գեղարքունիքի մարզպետարան) հարցը քննելու և առաջացած խնդիրը լուծելու համար։ Արդյունքում որոշվեց չարգելել սամմիթի անցկացումը Նորաշենի արգելոցում՝ հաշվի առնելով պետական շահը, և հարցի քննարկումը տեղափոխել Sevan Startup Summit 2018-ից հետո։
Սամմիթից հետո քննարկվել է նաև տարբերակ, որ Սևան ազգային պարկի տարածքում գտնենք որևէ այլ տարածք՝ քիչ թե շատ հարմար մեր միջոցառման կոնցեպտին և ավելի համապատասխան օրենքով սահմանված նորմերին։ 2018 թվականի սեպտեմբերից մինչև 2019 թվականի մայիս ամիսներին Շրջակա միջավայրի նախարարության և Սևան ազգային պարկի ներկայացուցիչների հետ կատարած փնտրտուքների արդյունքում եկել ենք այն եզրակացության, որ նման այլ երկրորդ նպատակահարմար տարածք չկա, որտեղ հնարավոր է խելամիտ ռեսուրսների ներդրմամբ ստանալ այն, ինչ ստանում ենք Նորաշենի արգելոցի տարածքում միջոցառումը կազմակերպելուց։ Այդ կապակցությամբ, Շրջակա միջավայրի նախարարության առաջարկով մի շարք բնապահպանների և ոլորտին առնչվող գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ ձևավորվեց մասնագիտական հանձնաժողով Նորաշենի արգելոցի կարգավիճակի ճշգրտման և մեզ անհրաժեշտ տարածքը Ստարտափ Արմենիա հիմնադրամին հավատարմագրային կառավարման հանձնելու հնարավորությունների քննման նպատակով։ Տվյալ հանձնաժողովի աշխատանքների արդյունքում պարզվեցին մի շարք հետաքրքիր հանգամանքներ։ Դրանցից մի քանիսը ամեն դեպքում թվարկենք։ՀՀ գործող օրենսդրությամբ արհեստական տնկարկ պարունակող տարածքները չեն կարող ունենալ արգելոցային կարգավիճակ։ Իսկ արգելոցի մասնավորապես այն հատվածը, որը մենք օգտագործում ենք ամբողջությամբ 1950-60-ական թթ․իրականացված ծառատունկի արդյունքում ձևավորված արհեստական տնկարկ է։
Արգելոցի մի ահռելի մակերես, որի մեջ մտնում է նաև մեր միջոցառման անցկացման տարածքը ջրի պլանային բարձրացումների արդյունքում մնալու է ջրի տակ (ընդամենը 1902.5 մետր բարձրնալու դեպքում) և կառաջացնի բնապահպանական լուրջ խնդիրներ։ Այն ժամանակ Սևանա լճի ջրի բացարձակ բարձրությունը կազմում էր 1900 մետր։ Այժմ կազմում է 1901 մետր։ Ըստ տվյալ հանձնաժողովի մասնագետների գնահատման ընդամենը 5 տարի հետո ջրի մակարդակը կհասնի 1902,5-ի, Նորաշենի արգելոցի ողջ ծառերը կհատվեն և տարածքը կվերածվի ճահճուտի։ Արգելոցում առկա է Հայկական Որորի բազմացման լուրջ խնդիր, որը պետությունը չի կարողանում լուծել։ Արգելոցի մաս կազմող ճայերի կղզիներից դուրս բնադրած ճայերի ձվերը դառնում են տարածքում թափառող աղվեսների և այլ կենդանիների կեր։Այսպիսով, այս հանձնաժողովի հետ աշխատանքների արդյունքում եկանք այն համոզման, որ արգելոցի այն տարածքը, որը մեզ անհրաժեշտ է միջոցառման անցկացման համար, կարգավիճակի փոփոխությամբ հանձնվի մեզ հավատարմագրային կառավարման։ Որպես հարցի լուծման փուլային տարբերակ՝ նախ արգելոցի այն մասը, որը պետք է մի քանի տարուց մնար ջրի տակ և որտեղ կա արհեստական տնկարկ (ներառյալ նաև մեր տարածքը) կառավարության որոշմամբ ենթարկվեց կարգավիճակային փոփոխության, իսկ մնացած հատվածը, որը ջրի պլանային բարձրացումների արդյունքում շարունակելու էր մնալ և հանդես գալ որպես Հայկական Որորի կենսակերպը ապահովող տարածք, ձևավորեց Նորաշենի արգելոցը։
Այդ ժամանակ արդեն եկավ Sevan Startup Summit 2019-ի անցկացման ժամանակը և մենք միջոցառումը անցկացրինք արդեն փոփոխված կարգավիճակով հանդես եկող Նորաշենի արգելավայրում։ Պայմանավորվեցինք գործընթացը վերջնականացնել սամմիթից հետո։ SSS19-ից հետո մեր գործունեությունը տվյալ տարածքում օրինականացնելու գործընթացը շարունակվեց։ Քննարկումները գնում էին այս ուղղությամբ, որ արդեն Նորաշենի արգելավայրի այն տարածքը, որը անհրաժեշտ էր մեզ այսպես թե այնպես մի քանի տարուց մնալու էր ջրի տակ։ Այդ հիմնավորմամբ պետության համար բոլոր առումներով լիարժեք շահեկան էր դիտվում այդ տարածքի հանձնումը մեզ։ Մենք մեր հերթին պարտավորվում էինք ջրի բարձրացման հետ զուգահեռ կատարել բոլոր անհրաժեշտ աշխատանքները Սևանա լճի հերթական ափը ճահճացումից փրկելու նպատակով։ Ինչպես նաև ամբողջությամբ մեր վրա էինք վերցնում Նորաշենի ԱՐԳԵԼՈՑԻ այն հատվածների ցանկապատումը, որտեղ բնադրում է Հայկական Որորը՝ ձագերին աղվեսներից և այլ կենդանիներից պաշտպանելու նպատակով։
Այս գործընթացը շարունակվեց մինչև 2020 թվականի մարտ ամիսը։ Մենք երկարատև աշխատանքի արդյունքում հասել էինք մի կետի, որտեղ անհրաժեշտ էր կառավարության որոշմամբ, մի քանի լրացում անել ոլորտը կարգավորող նորմերի և օրենսդրական ակտերի մեջ և հասնել հարցի օրինական և բարոյական լուծման, թե՛ պետական, թե՛ մասնավոր և թե՛ նեղ բնապահպանական ոլորտի շահերի համադրմամբ։2020 թվականի մատից Covid-19-ի տարածմամբ պայմանավորված այս գործընթացը ընդհատվեց և այլևս չվերականգնվեց դեռևս մեզ անհայտ հանգամանքների արդյունքում։Նորաշենի արգելավայրում միջոցառման անցկացմամբ պայմանավորված բնապահպանական խնդիրը ներկայումս արհեստականորեն ուռճացված է։ Փորձ է արվում մեր գործունեությունը ներկայացնել որպես բնության դեմ հանցագործություն, Հայկական Որորի կենսակերպը խաթարող գործողությունների շարք։ Միջոցառման անցկացման մասին մեր բարձրաձայնած կարևորություններին ոչ կոմպետենտ մարդկանց կողմից տրվում է ոչ պատշաճ գնահատական։ Միջոցառման արդյունքում ստեղծված բարիքը և իրական պետական շահը արհեստականորեն հակադրվում կեղծ բնապահպանական բարդույթների և անբովանդակ շահերի։
Մենք ընդունում ենք, որ ինչ-որ առումով մենք պահանջում ենք մի տարածք, որտեղ հենց այս պահին փաստացի սկսել են բնակվել ճայեր։ Բայց երբ ակնհայտ է, որ տվյալ տարածքը վաղ թե ուշ չի լինելու, երբ ակնհայտ է, որ ջրի բարձրացման և տվյալ տարածքի ճահճացման խնդիր կա ընդամենը մի քանի տարի հետո, ակնհայտ է դառնում, որ խնդիրը պարզապես ուռճացվում է։Ի վերջո կառավարությունները ձևավորվում են, ոչ թե և ոչ միայն գործող օրենքներով պետական ռեսուրսները կառավարելու, այլ նաև որոշակի անհասկանալի հանգամանքների արդյունքում ընդունված սխալ որոշումները շտկելու, որոշ օրենքներ փոխելու օրենսդրական դաշտը բարելավելու համար։