News

BigStory VC-ն 250,000 դոլարի ներդրում է արել Docus-ում

BigStory VC-ն հերթական ներդրումն է արել: Վենչուրային հիմնադրամն այս անգամ 250 հազար դոլար է ներդրել Docus ընկերությունում: Այս մասին հայտնում է BigStory VC-ի և Krisp-ի համահիմնադիր Արտավազդ Մինասյանը:

«Շատերս եղել ենք այն իրավիճակում, երբ մեր հարազատի կամ ընկերոջ մոտ ախտորոշվել է ծանր հիվանդություն, և մենք երկրորդ կարծիքի կարիք ենք ունեցել:

Հաջորդ քայլում ծանոթների միջոցով դիմում ենք Գերմանիայի, կամ ԱՄՆ-ի տվյալ բժշկական մասնագիտությամբ աշխատող մեզ հասանելի «լավագույն» մասնագետին:
Շուտով գալիս է երկրորդ կարծիքը, որը մեր տեղական բուժող բժիշկը դժկամությամբ է ընդունում, քանի որ այն ոչ մի իրավական հիմք չունի:
Անցած տարի նոյեմբերից մեր հայրենակիցներ Ռոբերտը և Գևորգը, թողնելով իրենց շահութաբեր բիզնեսը Մոսկվայում,  տեղափոխվում են Հայաստան և հիմնում Docus ընկերությունը: Docus-ն առաջարկում է հեղափոխական մոտեցում՝ Եվրոպայի և ԱՄՆ-ի լավագույն բժիշկներին տելեբժշկության պլատֆորմայով կապում է զարգացող երկրների հիվանդանոցների հետ:

Տեղական հիվանդանոցում աշխատող մասնագետը և նրա եվրոպացի գործընկերը կազմում են բժշկական խորհուրդ՝  զարգացող երկրում ապրող պացիենտին հասանելի դարձնելով լավագույն բժշկական գիտելիքը», – ասում է Արտավազդ Մինասյանը:

Հայկական տեխնոլոգիական առաջընթացը շարունակվում է։ BigStory VC վենչուրային հիմնադրամը ներդրումներ է կատարում հայ հիմնադիրներով ստարտափներում։

Հիշեցնենք՝ BigStory VC հիմնադրամը ստեղծվել է նախորդ տարեվերջին Krisp-ի համահիմնադիրներ Դավիթ Բաղդասարյանի, Արտավազդ Մինասյանի և Podcastle AI-ի հիմնադիր Արտո Երիցյանի կողմից:

Share